Թառաթումբի միջնակարգ դպրոց

Ամանորյա միջոցառում

Դեկտեմբերի 21st, 2018

Դեկտեմբերի 21-ին Թառաթումբի միջնակարգ դպրոցում անցկացվեց ամանորյա միջոցառում:

Միջոցառմանը մասնակցում էին 1-ից 4-րդ դասարանի  երեխաները: Երեխաները հեքիաթային միջավայրում հանդես եկան երգով, ասմունքով և պարային համարներով:Միջոցառման ավարտին Ձմեռ պապը և Ձյունանուշը երեխաներին նվերներ բաժանեցին: 

Այսօր լրանում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցը

Դեկտեմբերի 7th, 2018

1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Սպիտակ քաղաքում (այստեղից էլ՝ Սպիտակի երկրաշարժ անվանումը): Երկրաշարժի հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների են ենթարկվել հազարավոր շինություններ, այն տասնյակ հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դարձել:

ԱԻՆ 911

Նոյեմբերի 26th, 2018

2018թ. նոյեմբերի 23-ը հիշարժան օր էր Թառաթումբի միջնակարգ դպրոցի մանկավարժների և աշակերտների համար. կազմակերպվել էր Եղեգնաձորի փրկարար ծառայության և դպրոցի միջև համատեղ միջոցառում, որի նպատակն էր ցուցադրական վարժանքներով նպաստել աշակերտների և ուսուցիչների գիտելիքների ու հմտությունների զարգացմանը՝աղետներին դիմակայելու համար:

Աշակերտներն խանդավառությամբ մասնակցեցին այդ կարևոր միջոցառմանը և հաստատեցին, որ այդ միջոցառումները կոչված են նպաստելու աղետների ռիսկի նվազեցմանը և արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու կարողությանը:

Երբ են սկսվելու դպրոցականների ձմեռային արձակուրդները

Նոյեմբերի 13th, 2018

 

Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանիհրամանով սահմանվել են դպրոցականների արձակուրդների օրերը։

Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդները կսկսվեն 2018թ. դեկտեմբերի 24-ից 2019թ. հունվարի 20-ը ներառյալ:

3-12-րդ դասարանցիների ձմեռային արձակուրդները կսկսվեն 2018թ. դեկտեմբերի 24-ից 2019թ. հունվարի 6-ը ներառյալ:

ԹԱՌԱԹՈՒՄԲԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 25th, 2018

Հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ Վայոց ձոր մարզի Թառաթումբի միջնակարգ դպրոցի կառավարման խորհրդի հերթական նիստը: Նիստի օրակարգում էր դպրոցի գործադիր տնօրենի ընտրության հարցը:

Նիստը անցկացվեց օրինականության սահմաններում ՝ փակ գաղտնի քվեարկության արդյունքում , միաձայն գործադիր տնօրեն ընտրվեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զոհրաբ Ֆելիքսի Խաչատրյանը:

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի անցկացման օրերը՝հոկտեմբերի 11-ն ու 12-ը, կլինեն ոչ աշխատանքային

Հոկտեմբերի 15th, 2018

Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության որոշմամբ աշխատանքային օրեր են հայտարարվել հոկտեմբերի 27-ը և նոյեմբերի 3-ը, որոնք համընկնում են 2018-2019 ուումնական տարվա օրինակելի ուսումնական պլանով նախատեսված աշնանային արձակուրդի հետ, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, արձակուրդի անընդհատությունն ապահովելու նպատակով, դպրոցներում աշխատանքային օրեր է հայտարարում համապատասխանաբար՝ նոյեմբերի 17-ը և 24-ը։

Այսօր ուսուցչի և կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական տոն է

Հոկտեմբերի 5th, 2018

Այսօր ուսուցչի և ամբողջ կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական տոն է: Հոկտեմբերի 5-ը, որպես ուսուցչի տոն հռչակվել է  ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից՝ 1994 թվականին։ 1966թ. այդ օրն էր Փարիզում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում, ընդունվել «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» վերտառությամբ փաստաթուղթը, որն էլ դարձել է ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթը:

Հայաստանում Ուսուցչի օրը մինչև վերջերս նշվում էր հոկտեմբերի առաջին կիրակի օրը: Սակայն խորհրդարանի կողմից ընդունված «ՀՀ տոների ու հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծի համապատասխան, պաշտոնական տոնացույցում ամրագրվեց հոկտեմբերի 5-ը:

Սիրելի ուսուցիչներ, մանկավարժներ, դաստիարակներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ «Ուսուցչի օրվա» կապակցությամբ:

ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-ԻՑ

Հոկտեմբերի 2nd, 2018

Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 2-12-րդ դասարանների աշակերտներին աշնանային արձակուրդ կտրամադրվի 2018 թվականի հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը ներառյալ: Միաժամանակ նշենք, որ առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը կտևի հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 4-ը ներառյալ:

Մահացել է Շառլ Ազնավուրը

Հոկտեմբերի 2nd, 2018

Մահացել է Շառլ Ազնավուրը

94 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

Շառլ Ազնավուրը (իսկական անունը՝ Վաղինակ Ազնավուրյան), ծնվել է 1924թ. մայիսի 22-ին, հայի ընտանիքում, որը 1922թ.-ին գաղթել էր Ֆրանսիա: Հայրը՝ Միշան, ծնվել է Վրաստանի Ախալցխա, մայրը՝ Թուրքիայի Իզմիր քաղաքներում: Շառլի ընտանիքն ամուր կապված էր ազգային սովորույթներին, մայրենի լեզվին, եկեղեցուն: Ծնողները մասնակցում էին հայերի կազմակերպած թատերական ներկայացումներին, որոնց ներկա էր լինում նաև Շառլը: Մանկուց նա մեծ հետաքրքրություն ուներ արվեստի հանդեպ: Հաճախում էր թատերական դպրոց: Ծնողներին օգնելու համար պատանի Շառլը ելույթներ էր ունենում փոքր ներկայացումներում, երգում եկեղեցում:

Ավելի ուշ սկսել էր երգեր գրել ժամանակի ճանաչված երգիչների համար: 1946 թ-ին ծանոթացել էր հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հետ, և միասին շրջագայել էին համերգներով: Սկզբնական շրջանում երգել էր Պիեռ Ռոշի հետ: Համընդհանուր ճանաչման է հասել 1959 թ-ին՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո: Երգել է աշխարհի գրեթե բոլոր լավագույն համերգասրահներում, համերգներով հանդես է եկել նաև Երևանում:

Ազնավուրը գրել է 1000-ից ավելի երգեր՝ «Սա է վերջը», «Մամա», «Իզաբել», «Երկու կիթառ», «Սիրուց հետո», «Ջահելություն» և այլն: Նրա երգերի սկավառակները թողարկվել են միլիոնավոր օրինակներով, բանաստեղծությունները թարգմանվել և լույս են տեսել առանձին գրքերով: Ազնավուրը երգել է Լուչանո Պավարոտիի, Պլաչիդո Դոմինգոյի, Լայզա Մինելիի, Միրեյ Մաթյոյի, Պատրիսիա Կաասի հետ: Դստեր՝ Սեդայի հետ կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը: Գրել է նաև օպերետային երաժշտություն: Ազնավուրը նկարահանվել է 60-ից ավելի կինոնկարներում՝ «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Հայր Գորիո» և այլն, իսկ «Գլուխը՝ պատը» ֆիլմի համար արժանացել է «Բյուրեղյա աստղ» մրցանակի: Ուշագրավ է նրա դերակատարումը Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում, որը նվիրված է Մեծ եղեռնին: 1988 թ-ի Սպիտակի երկրաշարժից հետո նա բազմիցս այցելել է Հայաստան, եղել աղետի գոտում: Փարիզում ստեղծել է երկրաշարժից տուժածների օգնության «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը, որի ներկայացուցչությունը բացել է Երևանում: 1995 թ-ին նշանակվել է ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով պատվավոր դեսպան, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտական պատվիրակը Հայաստանում: 2009 թ-ին նշանակվել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շվեյցարիայում: Պարգևատրվել է ԼՂՀ «Գրիգոր Լուսավորիչ» և Թեքեյան մշակութային միության ադամանդակուռ «Արարատ» շքանշաններով: Գրել է «Ազնավուրն Ազնավուրի մասին» (1975 թ.), «Անցած օրեր» (2004 թ.) հուշագրությունները: Ազնավուրի անունով կոչվել են հրապարակ Երևանում, Վաղարշապատի դրամատիկական թատրոնը, իսկ 2000 թ-ին Գյումրիում՝ նրա անվան հրապարակում, կանգնեցվել է հուշարձանը: Ազնավուրի մոմե արձանը 2004 թ-ին դրվել է Մադամ Տյուսոյի թանգարանում: 2009 թ-ին Երևանում բացվել է Ազնավուրի թանգարանը:

Հայաստանը տոնում է Անկախության օրը 21.09.2018

Սեպտեմբերի 26th, 2018

 

Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության տոնը։ Այս տարի լրացավ անկախության հռչակման 27-ամյակը։

1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին:

Թառաթումբի միջնակարգ դպրոց